top of page
  • Writer's pictureAshkhen

7 տարածված միֆեր CRM համակարգերի մասին


միֆեր CRM համակարգերի մասին

CRM համակարգերի մասին միֆերը բիզնես աշխարհի անբաժանելի մասն են կազմում։ Դրանցից վնաս չկա, քանի դեռ չեք սկսել հավատալ վերջիններիս: Բայց միֆերը բիզնեսին կարող են նաև լուրջ վնասներ հասցնել, եթե կուրորեն հավատաք ու անձամբ չփորձեք պարզել դրանց նախապատմությունն ու էությունը:


Եկեք քննարկենք CRM համակարգերի մասին 7 ամենատարածված միֆերը։


1․ CRM համակարգ պետք է միայն վաճառքի թիմին


Այն կարծրատիպը, թե միայն վաճառքի թիմն ունի CRM համակարգի կարիք, շատ տարածված միֆ է: Ներկայումս առաջատար CRM համակարգերը կարող են պահել հաճախորդների մասին ահռելի ծավալի տվյալներ։ Բացի այդ, նրանք կարող են գրանցել տարբեր հարթակներում ձեր բրենդի հետ պոտենցիալ կամ առկա հաճախորդի ունեցած փոխազդեցությունը: Օրինակ՝ CRM-ը կարող է հավաքել ձեր հաճախորդների՝ կայքերում և սոցիալական մեդիայում ցուցաբերած վարքագծի մասին ճշգրիտ թվային տեղեկատվություն: Այս տվյալները կարող են օգտագործվել մարքեթինգի, հաճախորդների սպասարկման և աջակցման թիմերի կողմից՝ անհատականացված գովազդային արշավներ իրականացնելու, հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու և արագ աջակցություն տրամադրելու համար: Դա նշանակում է, որ CRM-ը պետք է օգտագործվի ընկերության բոլոր թիմերի կողմից։

2․ CRM համակարգի ներդնումը տևում է հավերժ


Նախկինում CRM ծրագրի ներդնումը կարող էր ամիսներ տևել՝ կախված ընկերության չափից: Բայց ներկայումս այս պնդումը պատկանում է միֆերի ժանրին: Ընդամենը մի քանի ժամ է անհրաժեշտ համակարգի հիմնական կարգավորումները տալու և այն հաճախորդի բիզնես գործընթացներին հարմարեցնելու համար: Սովորաբար ծրագիրը ներդնող գործընկերները իրականացնում են նաև անձնակազմի թրեյնինգ՝ ապահովելու համար թիմի սահուն անցումը նոր համակարգի:


3․ CRM համակարգն օգնում է վերահսկել ընկերության աշխատողներին


Պատճառներից մեկը, թե ինչու աշխատողները չեն սիրում օգտագործել CRM համակարգ, այն թյուր կարծիքն է, որ ղեկավարությունը օգտագործում է այս գործիքն իրենց աշխատանքը վերահսկելու համար: CRM-ն իսկապես ցույց է տալիս մենեջերներին յուրաքանչյուր վաճառքի մասնագետի կատարողականի ողջ պատկերը: Սակայն այն չպետք է դիտարկվի որպես մարդկանց աշխատանքի վերահսկման գործիք, քանի որ ղեկավարությունն այն հիմնականում օգտագործում է ամբողջ թիմի կամ ընկերության արտադրողականությունը չափելու համար: Ավելին, որպես վաճառքի մասնագետ, դուք ինքներդ էլ կարող եք հեշտությամբ հաշվետվություններ կազմել և վերլուծել ձեր կատարած աշխատանքը:


4․ Դուք «շղթայված» եք ձեր համակարգչին CRM համակարգով աշխատելու համար


Երբ բիզնեսն էլ ոչ մի առարկություն չի կարող հորինել, թե ինչու է հրաժարվում օգտագործել CRM, որպես փաստարկ առաջ է քաշում հետևյալ միֆը: Վաճառքի մասնագետները հաճախ են այցելում հաճախորդների գրասենյակներ և գրառումներ կատարելու համար օգտվում են իրենց նոթատետրերից կամ սմարթֆոններից։ Նրանց խոսքով՝ CRM համակարգը կդժվարեցնի իրենց աշխատանքը, քանի որ տվյալներին հասանելիություն ունենալու համար պետք է մշտապես գտվեն համակարգիչների առջև ու կատարեն կրկնակի աշխատանք՝ տվյալները թղթից համակարգ անցկացնելու համար:


Այս միֆը ժխտելու համար պետք է նշել, որ ներկայումս ամպային CRM համակարգերն ապահովում են տվյալների հասանելիություն ցանկացած պահի, ցանկացած վայրում: Օրինակ՝ կարող եք մուտք գործել ձեր Salesforce CRM կա՛մ ձեր հեռախոսի բրաուզերից, կա՛մ բջջային հավելվածի միջոցով: Ներբեռնե՛ք Salesforce հավելվածը Play Market-ից կամ App Store-ից և պահե՛ք տվյալները անմիջապես հեռախոսի մեջ: Նույնիսկ եթե հեռախոսը միացված չէ ինտերնետին, ծրագիրը թույլ է տալիս մուտքագրել և խմբագրել տվյալները։ Իսկ ինտերնետի հայտնվելուն պես այդ փոփոխությունները ավտոմատ թարմացվում են համակարգում:


5․ CRM համակարգը նախատեսված է միայն խոշոր ընկերությունների համար


Այդ միֆը հատկապես տարածված է փոքր բիզնեսների շրջանում՝ «Դե իմ բիզնեսը փոքր ա, իմ ինչի՞ն ա պետք CRM-ը»: Ժամանակին այսպիսի մոտեցումը բոլորովին էլ միֆ չէր, քանի որ ի սկզբանե CRM ծրագիրը ստեղծված էր խոշոր ընկերությունների համար հետևյալ պատճառներով․

  • Խոշոր ընկերությունները տիրապետում էին հսկայական ծավալի տվյալների։ Նրանք ունեին այդ տվյալները ապահով տեղում պահելու և աշխատակազմի կողմից հեշտ հասանելիություն ապահովելու խնդիր:

  • CRM համակարգ ձեռք բերելու և օգտագործելու համար ընկերությունը պետք է առաջադեմ ՏՏ ենթակառուցվածք և թիմ ունենար՝ սերվերների աշխատանքը վերահսկելու համար:

Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվել է: Ներկայումս CRM համակարգերի մեծ մասը հիմնված է ամպային տեխնոլոգիաների վրա, որոնք ո՛չ սերվերներ, ոչ էլ ՏՏ մասնագետներ չեն պահանջվում: Օրինակ՝ Salesforce CRM ունենալու համար պետք է գնել լիցենզիաները, համակարգը հարմարեցնել ձեր բիզնես գործընթացներին (մեկանգամյա աշխատանք) ներդնող գործընկերոջ միջոցով, և վերջ, պատրաստ է: Սա նշանակում է, որ բոլոր ընկերությունները, անկախ իրենց չափերից, կարող են լիարժեք օգտվել CRM համակարգերի ընձեռած հնարավորություններից:


6․ Ամպային CRM համակարգերում տվյալներն անվտանգ չեն


CRM-ի վերաբերյալ այս առասպելը տարածված է շատ բիզնեսների շրջանում, որոնք օգտագործում են լոկալ՝ on-premise համակարգ: Վերջիններս կարծում են, թե ամպայինի անցնելու դեպքում իրենց տվյալները կենթարկվեն հաքերային հարձակման, որը կարող է հանգեցնել տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված հազարավոր հաճախորդների տվյալների կորստի:


Իրականում, լոկալ սերվերներում տվյալների պահպանումն ավելի անվտանգ չէ, քան ամպայինի վրա: Վստա՞հ եք, որ ձեր ՏՏ թիմն ավելի բանիմաց է և ունակ է կիրառել անվտանգության ապահովման առավել հուսալի տեխնոլոգիաներ, քան ամպային անվտանգության թիմը: Ճիշտ հակառակը։ Ինֆորմացիայի ամպային պահեստները զինված են անվտանգության առաջատար միջոցներով, ինչպիսիք են SSL կոդավորումը և firewall-ները:


7․ Բոլոր CRM համակարգերն էլ թանկ են


CRM համակարգերը կարող են նաև թանկ լինել, բայց միֆ է այն ընկալումը, թե բոլորի գներն էլ բարձր են: Որոշ CRM համակարգեր ունեն անվճար տարբերակներ՝ սահմանափակ ֆունկցիոնալությամբ: Որոշ բիզնեսներ ձեռք են բերում ծրագրի անվճար տարբերակը և երբեք էլ վճարովի լիցենզիա չեն գնում, քանի որ դրա կարիքը չունեն: Մյուսներն էլ կարող են սկզբում անվճար տարբերակն ունենալ և ժամանակի ընթացքում անցնել վճարովիի, եթե լրացուցիչ գործառույթների կարիք ունենան: Նույնիսկ կարելի է համատեղել երկու տարբերակները: Ամբողջ համակարգը upgrade անելու փոխարեն, կարող եք ձեռք բերել պրոֆեսիոնալ լիցենզիաներ թիմի այն անդամների համար, որոնք համակարգն ինտենսիվ են օգտագործում։ Իսկ պասիվ օգտատերերը կարող են շարունակել օգտագործել անվճար տարբերակը:


Չնայած Salesforce CRM-ը չունի անսահմանափակ անվճար տարբերակ՝ այն առաջարկում է փորձարկել համակարգի ֆունկցիաները 30 օրով։ CRM-ն ունի բաժանորդագրության չորս պլան՝ Essentials, Professional, Enterprise և Unlimited: Կարող եք ձեռք բերել Salesforce CRM լիցենզիաներ՝ սկսած ամսական $25-ից:


Այսպիսով՝ CRM համակարգերի վերաբերյալ թյուր պատկերացումները կարող են խոչընդոտ հանդիսանալ բիզնեսի ավտոմատացման ճանապարհին: Այդ իսկ պատճառով պետք չէ հավատալ ծրագրի մասին լսած բոլոր պնդումներին: Փոխարենը ինքնուրույն ուսումնասիրե՛ք, հարցրե՛ք մասնագետներին, demo-ներ դիտե՛ք ու գրանցվե՛ք անվճար օգտագործման հնարավորությանը հասկանալու՝ ձեր բիզնեսն ունի՞ դրա կարիքը, թե՞ ոչ:


Հուսով ենք, մեր հոդվածը ձեզ օգտակար եղավ։ Իսկ CRM համակարգերի մասին ավելին իմանալու համար չմոռանա՛ք բաժանորդագրվել մեր բլոգին: Կամ հետևեք մեզ LinkedIn-ում և Facebook-ում մեր բլոգի հոդվածները բաց չթողնելու համար:

bottom of page