Ashkhen
5 խորհուրդ՝ ինչպես ընտրել ձեր բիզնեսին համապատասխան CRM համակարգ

CRM համակարգ ընտրելիս շատ ընկերություններ սեփական բիզնեսի կարիքները վերլուծելու փոխարեն շեշտը դնում են վաճառողներին և գործընկերներին ուսումնասիրելու վրա։ Ցավոք, հենց սա էլ նրանց թույլ տված ամենամեծ սխալներից մեկն է:
Նախքան CRM վաճառողներին ծանր ու թեթև անելը, անհրաժեշտ է անել հետևյալը.
Վերլուծե՛ք ձեր բիզնես գործընթացները և հայտնաբերեք այն ոչ արդյունավետ գործընթացները, որոնք բարելավման կարիք ունեն:
Պարզե՛ք, թե ձեր բիզնեսում ինչ աշխատանքային գործընթացներ են պակասում և ինչ է պետք ավելացնել:
Բացահայտե՛ք, թե քանի աշխատող է ակտիվորեն օգտագործելու CRM համակարգը, և քանի լիցենզիա է ձեզ անհրաժեշտ:
Հաշվե՛ք, թե ներկայումս ինչ այլ ծրագրեր եք օգտագործում և դրանցից որոնք պետք է ինտեգրվեն CRM-ի հետ:
Պլանավորեք ձեր բյուջեն:
Որոշե՛ք, թե ինչ պարտադիր գործիքներ պետք է CRM համակարգը ունենա, առանց որոնց այն չի համապատասխանի ձեր բիզնեսին:
Այս բոլոր գործողությունները կատարելուց հետո հետևե՛ք ներքոնշյալ խորհուրդներին ճիշտ CRM համակարգ ընտրելու համար:
1․ Ամպայի՞ն, թե՞լոկալ CRM համակարգեր
Թե՛ ամպային, թե՛ լոկալ CRM ծրագրերը ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Օրինակ՝ ամպային CRM-ների ներդնումն ավելի քիչ ժամանակ և ռեսուրսներ է պահանջում, քանի որ համակարգչում կամ սերվերներում որևէ բան տեղադրելու կարիք չկա: Ի տարբերություն ամպային CRM-ների, լոկալ համակարգերը պահանջում են IT ենթակառուցվածքի և փորձառու թիմի առկայություն:
Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված CRM համակարգ ունենալու դեպքում կարող եք հասանելիություն ունենալ ձեր տվյալներին, եթե ունեք կայուն ինտերնետ կապ: Բայց եթե ձեր համակարգը լոկալ է, ձեր տվյալները միշտ հասանելի են անկախ ինտերնետ կապի վիճակից: Սակայն այս դեպքում էլ սերվերների անխափան աշխատանքը ապահովելու համար պետք է ունենաք IT թիմ:
Չնայած որ լոկալ համակարգերի դեպքում սերվերների սպասարկումն ու համապատասխան անձնակազմի պահպանումը ծախսատար է, այն չունի լիցենզիաների տարեկան վճարումներ: Ամպային համակարգերի դեպքում բիզնեսը պետք է տարեկան վճարումներ կատարի։ Սակայն այս դեպքում էլ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար IT թիմի կարիք չկա:
Այսպիսով՝ ճիշտ CRM համակարգ ընտրելու համար պետք է վերլուծել տարբեր ծրագրերի դրական և բացասական կողմերը և նոր միայն որոշում կայացնել, թե որն է համապատասխանում ձեր բիզնես գործընթացներին:
2․ Անհրաժեշտ CRM գործիքների առկայություն
Յուրաքանչյուր ոլորտ և բիզնես ունի իրեն հատուկ աշխատանքային գործընթացներ: Ճիշտ չէ ենթադրել, թե CRM համակարգերի կանխադրված (default) գործիքները բոլոր բիզնեսներին էլ համապատասխանում են: Սխալ է նաև ձեռք բերել այնպիսի բարդ համակարգ, որն ունի բազմաթիվ գործիքներ և հնարավորություններ, որոնք ձեզ ընդհանրապես պետք չեն:
Ճիշտ CRM համակարգ ընտրելու համար նախ պետք է հասկանալ՝ արդյոք ձեր աշխատողներն իսկապես օգտագործելու են այդ բոլոր լրացուցիչ գործիքները, թե ոչ: Նույնը վերաբերում է նաև լիցենզիաների քանակին: Հաստատ չեք ցանկանա չէ՞ տարեկան հազարավոր դոլարներ վատնել լրացուցիչ լիցենզիաներ ձեռք բերելու վրա, եթե դրանք ոչ ոք չի օգտագործելու: Ավելին, ողջամիտ չէ ձեռք բերել լիցենզիայի նույն տեսակները բոլոր թիմերի համար: Օրինակ՝ վաճառքի թիմի համար, որը համեմատաբար ավելի ակտիվորեն է օգտագործում համակարգը, կարող եք ձեռք բերել Enterprise լիցենզիաներ, իսկ մարքեթինգի թիմի գործունեության համար հիմնական պլանը նույնպես բավարար է:
3․ Այլ ծրագրերի հետ ինտեգրման հնարավորություն
Քանի՞ ծրագիր և հավելված եք օգտագործում: Ուզում եք դրանք առանձի՞ն օգտագործել, թե՞ ինտեգրել CRM համակարգի հետ ձեր գործընթացները հեշտացնելու համար:
Նախքան CRM ծրագիր ընտրելը, ստուգեք՝ արդյոք հնարավոր է այն հեշտ ինտեգրել ERP համակարգերի, հաշվապահական և HR ծրագրերի, կայքերի կամ eCommerce հարթակների հետ: Ավելին, պետք է հնարավոր լինի հեշտությամբ ներմուծել ձեր առկա տվյալները այս ծրագրերից CRM համակարգ և հակառակը՝ տվյալները CRM-ից առանց դժվարության ներբեռնել:
4․ Աշխատել լոկալ գործընկերների և ոլորտին հատուկ լուծումներ առաջարկող վաճառողների հետ
Միշտ էլ ճիշտ է ստուգել՝ արդյոք CRM վաճառողը երբևէ ձեր ոլորտի այլ ընկերությունների հետ համագործակցել է, թե ոչ: Դա հատկապես կարևոր է, եթե ձեր ոլորտը շատ սպեցիֆիկ է: Սա պարզելու համար պարզապես ուսումնասիրեք վաճառողի կայքը և կարդացեք հաջողության պատմությունները իմանալու համար, թե ինչ ընկերություններ են հիմնականում օգտագործում տվյալ CRM համակարգը: Եթե կարծում եք, որ այս տեղեկատվությունը կողմնակալ կամ չափազանցված է, ուսումնասիրեք կողմնակի կայքերում հրապարակված հաճախորդների կարիծքները տվյալ պրոդուկտի մասին։
Այնուհետև, ձեր բիզնեսի համար ճիշտ CRM համակարգ ընտրելու համար ստուգեք՝ արդյոք վաճառողը տեղական բիզնես-գործընկերներ ունի: Նրանք պետք է կարողանան իրականացնել CRM-ի տեղադրում, տրամադրել աջակցություն և բիզնես խորհրդատվություն: Լավ գործընկեր ընտրելու համար աչքի անցկացրեք նրա պորտֆոլիոն, ստուգեք, թե որքանով են հաջողված նրա նսախագծերը և քանի հավաստագրված մասնագետ ունի:
5․ Համակարգի փոփոխման և անձնակազմի թրեյնինգի հնարավորություն
Անհնար է ձեռք բերել մի CRM համակարգ, որի կանխադրված (default) գործառույթները ամբողջովին համապատասխանում են ձեր կարիքներին և ծրագրի փոփոխության կարիք չկա: Յուրաքանչյուր ընկերություն ունի վաճառքի, մարքեթինգի և հաճախորդների սպասարկման իրեն հատուկ գործընթացներ: CRM համակարգ ընտրելիս պետք է հաշվի առնել այս փաստը, որպեսզի հնարավոր լինի համակարգը հեշտությամբ հարմարեցնել այդ գործընթացներին:
Սովորաբար CRM-ները բարդ համակարգեր են, և աշխատողներին համապատասխան ուսուցում է անհրաժեշտ, որպեսզի կարողանան դրանք օգտագործել: Բայց CRM-ի ներդրման գործընթացը շատ ավելի սահուն կընթանա, եթե ձեր գործընկերն անձնակազմի թրեյնինգ անցկացնի: Այդ իսկ պատճառով էլ միշտ համոզվեք, որ այն գործընկերը, ում պլանավորում եք վստահել համակարգի ներդրման աշխատանքները, անց է կացնում համապատասխան դասընթաց:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ շուկայում կան բազմաթիվ CRM համակարգեր՝ նախատեսված տարբեր ոլորտների և ընկերությունների համար: Նախքան CRM ձեռք բերելը ուսումնասիրեք, թե ինչ գործիքներ այն ունի և որքանով է համապատասխանում ձեր բիզեսի տեսակին կամ որքանով է հեշտ այն հարմարեցնել: Հետո պետք է լուծել CRM վաճառող և ներդրող գործընկեր գտնելու հարցը: Համոզվեք, որ վաճառողն ունի տեղական գործընկերներ և նրանք կարող են իրականացնել համակարգի տեղադրումը և տրամադրել հետվաճառքային սպասարկում և անձնակազմի թրեյնինգ:
Կցանկանա՞ք իմանալ ավելին, թե էլ ինչպես կարող են CRM համակարգերը օգնել ձեր բիզնեսին։ Հետևեք մեզ LinkedIn-ում և Facebook-ում մեր հրապարակումները բաց չթողնելու համար։ Իսկ մեր բլոգին բաժանորդագրվելու դեպքում կկարողանաք առաջինը կարդալ մեր հոդվածները: