top of page
  • Writer's pictureAshkhen

5 հիմնական պատճառ, թե ինչու է CRM համակարգը անհրաժեշտ ներդրում բիզնեսների համար


ինչու է CRM համակարգը անհրաժեշտ ներդրում

Հաստատ լսել եք CRM համակարգի մասին, բայց երևի մտածել եք, թե տեխնոլոգիական ոլորտի ինչ-որ սիրուն արտահայտություն է, որ որոշ ժամանակ կլինի թրենդային ու կանհետանա։ Չգիտեք, թե այդ համակարգն ինչ առանձնահատկություններ ունի ու վստահ չեք, թե ինչու ձեր բիզնեսն ունի դրա կարիքը։ Եկեք քննարկենք մի քանի պատճառ, թե CRM համակարգն ինչով կարող է օգնել ձեր բիզնեսին, ու ինչու յուրաքանչյուր ընկերություն պետք է ունենա այն։


1․ Իրական ժամանակում թարմացվող տվյալների հասանելիություն


Ի՞նչ ծավալի տեղեկատվություն կարող են ձեր աշխատակիցները մտապահել հաճախորդների մասին։ Քանի՞ նոթատետր ու Excel աղյուսակ եք օգտագործում առկա և պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ նշումները պահելու համար։ Ինչպե՞ս եք վարվում այն իրավիճակներում, երբ աշխատողը դուրս է գալիս աշխատանքից ու հաճախորդների մասին իր ունեցած տվյալները անհետանում են, քանի որ որևէ այլ տեղ դրանք գրանցված չեն։


CRM ձեռք բերելու դեպքում դուք կունենաք տվյալների պահպանման մի կենտրնացված համակարգ, որտեղ կարող եք զետեղել հաճախորդների մասին հսկայական ծավալի տեղեկատվություն, ինչպես, օրինակ, վերջիններիս կոնտակտային տվյալները, գնումների և վճարումների մասին ինֆորմացիան, ձեր բրենդի հետ էլ․ նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով հաղորդակցության ամբողջ պատմությունը, և այլն։ Ունենալով ձեր բիզնեսի համար էական նշանակություն ունեցող տվյալները մեկ վայրում՝ կկարողանաք հասանելիություն ունենալ մշտապես թարմացվող տեղեկատվությանը մկնիկի ընդամենը մեկ կտտոցով և երբեք ոչ մի գրառում չեք կորցնի։


2․ Հաշվետվություններ և վերլուծություն


Հաշվետվությունները և վերլուծությունները կարևոր նշանակություն ունեն բոլոր կազմակերպությունների համար, քանի որ դրանք օգնում են ղեկավարությանը կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ: Ոմանք կարող են չհամաձայնել ասելով, թե Excel-ի բանաձևերի միջոցով նույնպես կարելի է օգտակար հաշվետվություններ ստեղծել, հետևաբար, խելամիտ չէ ձեռք բերել մի ամբողջ համակարգ, որը կկատարի նմանատիպ գործառույթ: Այնուամենայնիվ, հաշվետվությունների ստեղծման վրա ծախսված ժամանակը արդարացված չէ, երբ CRM համակարգը կարող է այդ աշխատանքը կատարել վայրկյանների ընթացքում: CRM-ի՝ հաշվետվությունների և վերլուծությունների իրականացման գործիքների միջոցով ստացված տվյալները հնարավորություն են տալիս ընկերություններին կարևոր որոշումներ կայացնել, հասկանալ բիզնեսի միտումները, հետևել KPI-ներին, կանխատեսել հաճախորդների վարքագիծը և վաճառքները:


3․ Տվյալների անվտանգության բարձրացում


Բոլոր տվյալները և հաճախորդների վերաբերյալ գրառումները կորցնելու հավանականությունը ավելի մեծ է այն ընկերություններում, որոնք օգտագործում են Excel աղյուսակներ և Word փաստաթղթեր հաճախորդների տվյալները պահպանելու համար: Օրինակ՝ ֆայլերը կարող են պատահաբար կամ դիտմամբ ջնջվել դժգոհ աշխատակիցների կողմից: Հաքերային հարձակումները և վիրուսաները նույնպես արժեքավոր տվյալներ կորցնելու պատճառներ կարող են դառնալ:


Ձեռք բերելով CRM համակարգ՝ դուք հնարավորություն եք ստանում հուսալիորեն պահպանել ձեր զգայուն տվյալները լոկալ սերվերներում կամ ամպային տեխնոլոգիաների միջոցով: Գուցե չհամաձայնեք ասելով, թե սերվերները կարող են խափանվել, իսկ ամպային տեխնոլոգիաները՝ ենթարկվել հաքերային հարձակման, բայց տվյալների կանոնավոր backup իրականացնելու դեպքում ոչ մի տվյալ չի կարող կորչել:



4․ Թիմերի միջև համագործակցության բարելավում


CRM-ը կենտրոնացված համակարգ է, որն օգտագործվում է և՛ ղեկավարության, և՛ բոլոր թիմերի կողմից՝ դյուրացնելով տարբեր բաժինների միջև կայուն կապը՝ այդպիսով բարձրացնելով ընկերության գործունեության արդյունավետությունն ու արտադրողականությունը: CRM համակարգում պահվող տվյալները կարող են օգտագործվել վաճառքի ներկայացուցիչների կողմից՝ վաճառքի ձագարի միջով հաճախորդների շարժին հետևելու համար: Մարքեթինգի թիմը կարող է հաճախորդների բազան բաժանել սեգմենտների և ստեղծել անհատականացված արշավներ՝ հարմարեցված վերջիններիս հատուկ կարիքներին: Հաճախորդների աջակցության թիմը կարող է կարգավորել գնորդների բողոքները և ավելի արագ լուծել վերջիններիս խնդիրները՝ ձեռքի տակ ունենալով նրանց մասին արժեքավոր տեղեկություն:


5․ Անելիքների կառավարում և հետևում


Անելիքների կառավարումը CRM համակարգի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որը վաճառքի, աջակցության և բոլոր համապատասխան մասնագետներին թույլ է տալիս պլանավորել և արդյունավետորեն կառավարել իրենց օրը՝ ժամանակին ուղարկել նամակ-հիշեցումներ, զանգահարել հաճախորդներին, կամ տրամադրել խոստացված մարքեթինգային նյութերը։ Ղեկավարները կարող են օգտագործել այս գործիքը թիմի անդամներին առաջադրանքներ տալու, յուրաքանչյուր անելիքի համար վերջնաժամկետ սահմանելու և հիշեցումներ ուղարկելու համար։


Ամփոփելով՝ նշենք, որ CRM համակարգն անհրաժեշտ ներդրում է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են աճել և հաջողակ լինել: Այն դյուրացնում է թիմերի միջև կապը և համագործակցությունը, հեշտացնում է վաճառքի և աջակցության մասնագետների աշխատանքը՝ ապահովելով իրական ժամանակում թարմացվող տվյալների հասանելիություն: Մի քանի րոպեի ընթացքում ստացված հաշվետվությունները ղեկավարներին թույլ են տալիս կարևոր որոշումներ կայացնել բիզնեսի վերաբերյալ: Եվ վերջապես, ինչպես տեսանք, ձեռքի տակ ունենալով CRM համակարգի պես հզոր գործիք՝ միշտ կարող ենք կազմակերպել և կատարել մեր անելիքները ճիշտ ժամանակին:


Հուսով ենք, մեր հոդվածը ձեզ օգտակար եղավ։ Իսկ իմանալու համար, թե CRM համակարգերը էլ ինչպես կարող են օգնել ձեր բիզնեսին, բաժանորդագրվե՛ք մեր բլոգին: Կամ հետևեք մեզ LinkedIn-ում և Facebook-ում մեր բլոգի հոդվածները բաց չթողնելու համար:

bottom of page